Ինչպե՞ս ստանալ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ
Այս ուղեցույցի նպատակն է տեղեկություններ տրամադրել Հայաստանում ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև ապաստան հայցելու վերաբերյալ։
Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակները բնակության իրավունքի տեսակներ են, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված է վավերականության ժամանակահատված՝ համապատասխանաբար մինչև 1 և 5 տարի ժամկետներով։
Ինչպե՞ս ստանալ կացության կարգավիճակ
Քայլ 1
Պատրաստիր փաստաթղթերդ
Տեղեկացիր, թե որ դեպքերում կարող ես ստանալ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ, և պատրաստիր համապատասխան փաստաթղթերը։
Քայլ 2
Ներկայացրու դիմում
Ներկայացրու ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումդ Կացության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։
Քայլ 3
Ստացիր կացության քարտ
Դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում ստացիր ժամանակավոր կամ մշտական կացության քարտդ։
Ժամանակավոր կացության կարգավիճակ
Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու հիմքերն են․
- ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներում, կրթական փոխանակման ծրագրերում ուսումնառությունը, ինչպես նաև գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեություն իրականացնելը.
- աշխատանքի թույլտվության առկայությունը,
- ՀՀ քաղաքացու կամ ՀՀ կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրացու ընտանիքի անդամ՝ ամուսին, ծնող, զավակ լինելը,
- ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը,
- ազգությամբ հայ լինելը։
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով։
Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը Կացության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ներկայացվում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։
Ժամանակավոր կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը ժամանակավոր կացության քարտն է, որը տրվում է անձին, եթե բավարարվում է ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու նրա դիմումը։
Ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու որոշում կայացնելու գործընթացը կատարվում է դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում։
Ժամանակավոր կացության քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու էլեկտրոնային հայտը պետք է ներկայացնել քարտի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ։
Ժամանակավոր կացության քարտի տրամադրման պետական տուրքը 150,000 դրամ է։
Ժամանակավոր կացության կարգավիճակը անվճար տրամադրվում է հետևյալ անձանց․
-
անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
-
ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
-
ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
-
ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ,
-
ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամները (ամուսինը, երեխան, հայրը, մայրը)։
Պահանջվող փաստաթղթերը՝ ըստ հիմքերի
Ազգությամբ հայ լինելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- Ծննդյան վկայական,
- ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթ (ծննդյան վկայականի բացակայության դեպքում),
- մկրտության մասին վկայական,
- ընտանիքի անդամի (ծնող, պապ, տատ, հարազատ քույր կամ եղբայր) ծննդյան վկայականը, կամ ազգությամբ հայ լինելը հավաստող այլ փաստաթուղթ,
- ծնողների (կամ պապի և տատի) ամուսնության վկայականը,
- համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հավաստող այլ փաստաթուղթ (համատեղ ծնողի ազգությամբ հայ լինելու դեպքում),
- հայր ծնողի (պապի) դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը կամ ամուսնության վկայականը,
- օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ։
Աշխատանքի կամ կամավոր աշխատանքի հիմքով կացության համար դիմելիս անհրաժեշտ է․
- Անձնագիր,
- կոնտակտային էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամար,
- 3*4 չափի լուսանկար։
Ուսման հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է․
- հանրային ծառայությունների համարանիշ (եթե ուսանողը չունի ՀԾՀ, ապա նախքան համակարգում գրանցվելը անհրաժեշտ է դիմել ՀԾՀ ստանալու համար),
- կոնտակտային էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար,
- 3*4 չափի լուսանկարը։
Ծրագիրը հաստատելուց հետո անհրաժեշտ է ավելացնել շահառուներին, կցելով՝
- Անձնագիր,
- բանկային հաշվի քաղվածք,
- ՀԾՀ,
- կոնտակտային էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը,
- 3*4 չափի լուսանկարը։
Օտարերկրյա քաղաքացի ծնողի, ամուսնու կամ զավակի համար ժամանակավոր կացության կարգավիճակի համար դիմումը ներկայացնում է ՀՀ քաղաքացին կամ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին՝ ներկայացնելով հետևյալ տվյալները․
- շահառուի վավեր անձնագիր,
- էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը,
- 3*4 չափի լուսանկարը,
- ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ (ծննդյան կամ ամուսնության վկայական)։
Մշտական կացության կարգավիճակ
Մշտական կացության կարգավիճակ տրվում է օտարերկրացուն, ով․
- ապացուցում է, որ ունի ՀՀ-ում ՀՀ քաղաքացի ընտանիքի անդամ (ամուսին, ծնող, զավակ), ՀՀ-ում ունի բնակարան ու գոյության միջոցներ և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելը վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի ժամկետով ՀՀ-ում ունեցել է ժամանակավոր կացության կարգավիճակ,
- ազգությամբ հայ է,
- ՀՀ-ում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելը վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի ժամկետով ՀՀ-ում ունեցել է ժամանակավոր կացության կարգավիճակ,
- ՀՀ-ում ներդրում է կատարել,
- ՀՀ-ին մատուցել է բացառիկ ծառայություններ։
Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով:
Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ներկայացվում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պատասխանատու մարմին:
Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում-հարցաթերթիկ (լրացվում է տեղում),
-
35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,
-
անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
-
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր,
-
առողջական վիճակի մասին տեղեկանք,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կարելի է վճարել տեղում՝ POS տերմինալի կամ առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝ 900005162111)։
Ուշադրություն
Լիզորված անձի անունից և անչափահասի համար դիմելու դեպքերում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր։
Մշտական կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը մշտական կացության քարտն է, որը տրվում է անձին, եթե բավարարվում է մշտական կացության կարգավիճակ ստանալու նրա դիմումը։
Մշտական կացության կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու որոշում կայացնելու գործընթացը կատարվում է դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում։
Մշտական կացության քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու էլեկտրոնային հայտը պետք է ներկայացնել քարտի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ։
Մշտական կացության քարտի տրամադրման համար վճարվող պետական տուրքը 250,000 դրամ է։
Մշտական կացության կարգավիճակը անվճար տրամադրվում է հետևյալ անձանց․
-
անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
-
ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
-
ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
-
ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ,
-
ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամները (ամուսինը, երեխան, հայրը, մայրը)։
- ՀՀ-ին բացառիկ ծառայություններ մատուցած օտարերկրացիներին։